Մինչ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այցով գտնվում է Հայաստանում, նրա կինը պատրաստվում է ծննդաբերել հայրենիքում:

Ֆրանսիական Europe-1 ռադիոկայանը հաղորդում է, որ այդ իրադարձությանն ակտիվորեն պատրաստվում են Փարիզի La Muette կլինիկայում, որտեղ եւ ծննդաբերելու են Կառլա Բրունին: Անունը չհայտնելու պայմանով, հիվանդանոցի աշխատակիցներից մեկը պատմել է ռադիոկայանին, որ ամբողջ անձնակազմը գործի է լծվել եւ այժմ հիվանդանոցը մաքրությունից փայլում է:

Բրունիի համար «պալատներ» են հատկացվել ծննդատանը:

Առաջին տիկնոջ անվտանգությունն ապահովելու համար, հիվանդանոցը երեք չորս սենյակ է զբաղեցրել նրա համար նախատեսված սենյակին կից:

Նշենք, որ ներկայումս արտասահմանյան մամուլում չկան հրապարակումներ այն մասին, որ Կառլա Բրունիին տեղափոխել են հիվանդանոց:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 20-ին Կառլա Բրունին հայտարարել էր, որ հոգնել է հղի լինելուց: «Եթե անկեղծ, ապա ես էլ չեմ կարողանում. Ես պետք է ժամանակի մեծ մասը պառկած կամ նստած անցկացնեմ: Չի կարելի ծխել, գինի խմել: Ես անհամբերությամբ սպասում են, որ այս ամենը վերջանա: Սկսած հոկտեմբերի 1-ից դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»,- ասել էր 43-ամյա Բրունին:

Բրունին շարունակում է պնդել, որ չի ցանկանում նախօրոք իմանալ երեխայի սեռը: