Հոկտեմբերի 6-ին մեկնարկած Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան պետական այցի շրջանակներում ԱԳՆ-ում նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը ստորագրել են «Հայաստանի կառավարության եւ Ֆրանսիայի կառավարության միջեւ մշակութային, գիտական եւ տեխնիկական համագործակցության ծրագիրը»:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ Ֆրանսիական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Դով Զերան ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Ֆրանսիական զարգացման գործակալության միջեւ:

Ստորագրված փաստաթղթերը հարստացնում են հայ-ֆրանսիական լայն իրավապայմանագրային դաշտը, որը ներառում է 25 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագիր, եւ նոր հնարավորություններ ընձեռում համագործակցության առավել խորացման համար: