Հավաքական անվտանգության պայմանագրում կատարվող փոփոխությունները կապ չունեն Ղրղըզստանում ամերիկյան ռազմակայանի առկայության հետ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, ՌԴ պետդումայում հայտարարել է այդ երկրի ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Բորոդավկինը, պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նա առաջարկել է պատգամավորներին վավերացնել «Հավաքական անվտանգության պայմանագրում (ստորագրված 1992-ի մայիսի 15-ին) փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը»:

«Ղրղըզստանում ամերիկյան ռազմակայանի առկայությունն այդ երկու երկրների պայմանավորվածության արդյունք է: Ուղիղ կապ չկա ՀԱՊԿ շրջանակում համագործակցության եւ այդ ռազմակայանի առկայության միջեւ»,-

 ասել է Բորոդավկինը:

Նա նշել է, որ Մոսկվան հավանական չի համարում ԱՊՀ անդամ-երմրների միջեւ հակամարտության ծագումը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հարցին, թե ո՞ւմ կպաշտպանի Ռուսաստանը ԱՊՀ տարածքում հակամարտություն ծագելու դեպքում, դիվանագետը պատասխանել է, որ նախ եւ առաջ պետք է «կենտրոնացնել ջանքերը` նման զարգացում թույլ չտալու համար»: «Հենց դա էլ արվում է եւ այդպիսի իրական հեռանկար մենք չենք տեսնում: Հակառակը, կա միտում, որ ԱՊՀ տարածքում զարգանան ինտերգրացիոն գործընթացները` անվտանգության եւ տնտեսության ոլորտներում»,- ասել է ռուս դիվանագետը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը: