Հայաստանին հաջողվում է միջազգայնացնել ղարաբաղյան ճգնաժամը. Լաչինի խնդիրը դառնում է միջազգային խնդիր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար կարող է անակնկալ լինել, եւ Բաքուն, իր կողմից, կարող է հակախաղ անցկացնել եւ լուծել ռուս խաղաղապահների (կարգավիճակի եւ երկարաձգման ժամկետի) խնդիրը, պայմանավորվել ռուս խաղաղապահների հետ առանց Հայաստանի: Խնդիրները շատ են, եւ տպավորություն է ստեղծվում, որ նրանք (Հայաստանն ու Ադրբեջանը – խմբ.) խաղը սկսում են մաքուր էջից։
«Երեւանը ժամանակ է շահում եւ կաշկանդում Բաքվի մանեւրելիությունը։ Բացի այդ, Երեւանը միջազգայնացնում է հակամարտությունը։
Իսկ այժմ էլ տարածվում է այն գաղափարը, որ եթե Ղարաբաղի խնդիրը չի հաջողվում լուծել եռանկյունու մեջ, ապա կարելի է խաղաղապահների հարցը լուծել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով, տարածվում է նաեւ Ստեփանակերտ-Երեւան, Ստեփանակերտ-Մոսկվա ուղիղ օդային տրանսպորտային հաղորդակցության բացման գաղափարը, եթե շրջափակումը չվերացվի»,-նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ դա խոսում է այն մասին, որ հակամարտությունը սկսում է ինտերնացիոնալ բնույթ ստանալ, ինչը կաշկանդում է Ադրբեջանի դիվանագիտական մանեւրելիությունը:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարել են, որ մոսկովյան բանակցությունները շարունակությունն են այն դիվանագիտական մարաթոնի, որն անցկացվում է Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Մոսկվայում: «Մոսկվան այս առումով այժմ կորցրել է իր բացառիկությունը, թեեւ հիմնական փաստաթղթերն են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ դրան հաջորդած Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերը, որոնց հիման վրա էլ ընթանում են բոլոր բանակցությունները։ Ռուսաստանն ասում է, որ եթե կարող եք Արեւմուտքի հետ պայմանավորվել այդ բազայի հիման վրա, ապա պայմանավորվեք։ Բայց առայժմ կոնկրետ արդյունքներ չկան։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանին նյարդայնացնում է, որ Փաշինյանն ամբողջ ժամանակ պատասխանատվությունը բարդում է Մոսկվայի վրա։ Փաշինյանն ինքն է Ալիեւի հետ բանակցում Արեւմուտքում, որոշում Ղարաբաղի հարցով ճակատագիրը, իսկ հետո ասում, որ եթե Ռուսաստանը հեռանա, Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորված չէ: Այսինքն՝ Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի կամ միջազգային միջնորդների ուսերին, որոնք կերաշխավորեին անվտանգությունը։ Այդ դեպքում նա պետք է ասի, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից»,-եզրափակեց քաղաքագետը։





























