Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքային գոտում, այսօր` հոկտեմբերի 10-ին, առավոտյան ժամը 09:00-ին, իրականացվող որոնողական աշխատանքներին է միացել  Լոռիի մարզային փրկարարական վարչությունից 40 փրկարար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա: Այս պահին անհայտ կորած է համարվում  5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը,  Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը,  Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը: