Երեւանի ճարտարապետաշինարարության պետական համալսարանի սոցիալապես անապահով 100 ուսանողների անվճար սնունդ կտրամադրվի: Այդ նպատակով, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսխորհուրդը, համալսարանի արհեստակցական կազմակերպության կոմիտեն եւ «Արարատբանկ» ԲԲԸ-ն, հոկտեմբերի 11-ին համագործակցության հուշագիր կստորագրեն:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Հուշագրով կողմերը պարտավորվում են անվճար սննդով ապահովել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի սոցիալապես անապահով ուսանողներին։

Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը Հայաստանում առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ։ Բուհի շուրջ 100 սոցիալապես անապահով ուսանողների յուրաքանչյուր աշխատանքային օր կտրամադրվի անվճար սնունդ։ Ուսանողները սննդի դիմաց վճարումներ կկատարեն համապատասխան բանկային քարտերի միջոցով։ Յուրաքանչուր կիսամյակ անվճար սննդից օգտվող ուսանողների ցանկը կթարմացվի։  Ուսանողի կողմից օրվա սննդից չօգտվելու դեպքում չօգտագործված սննդի գումարը մնում է անվանական քարտի հաշվին։

Ծրագիրը շարունակական է, եւ հաջորդ քայլը լինելու է այն, որ անվճար սննդից օգտվելու հնարավորություն կտրվի բուհի բոլոր ուսանողներին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նույնպես միանալու է այս նախաձեռնությանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությունը Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանին հնարավորություն կտա հետագայում ավելի մեծ թվով ուսանողների ընդգրկել սոցիալական այս ծրագրում։