Ոստիկանության Գորիսի բաժնում,  հոկտեմբերի 9-ին, ժամը 19.10-ին, հաղորդում է ստացվել, որ Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում տղամարդու դիակ կա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է նույն հասցեում բնակվող 52-ամյա Երվանդ Սայունցի դիակը` կիսամերկ եւ արյունոտ վիճակում:

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել է աջ ազդրի` ծնկից մոտ 22 սմ բարձրության վրա 2 սմ երկարությամբ կտրած-ծակած վերք:

Պարզվել է, որ Ե .Սայունցի մահը վրա է հասել նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, նշված բնակարանում իր եւ 20-ամյա որդու միջեւ ծագած վիճաբանության եւ քաշքշուկի ընթացքում, վերջինիս կողմից խոհանոցային դանակով Ե. Սայունցի աջ ազդրին հարվածելու հետեւանքով:

Տղան բերման է ենթարկվել բաժին եւ դեպքի վերաբերյալ տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: