Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացել է ավելի քան 250 մարդ,իսկ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 2500 է: Թերթի զրուցակից, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանի խոսքով, դա չի նշանակում, թե այս հիվանդությունը մեծ տարածում է գտնում մեր երկրում, պարզապես հետազոտվողների թիվն է ավելացել:
Այս տարվա 9 ամիսներին Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակվածության 145 դեպք, մինչդեռ նախորդ ամբողջ տարվա ընթացքում գրանցված դեպքերի թիվը եղել է 148:
1988 թ. մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1116 դեպք:
Ըստ մասնագետի` Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման առաջին ուղին հետերոսեքսուալ հարաբերություններն են (53,6%), թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակվել է հիվանդների 37,6%-ը, հոմոսեքսուալ ճանապարհով` 1,8%-ը: Գրանցվել են նաեւ մորից երեխային (1,7%) եւ արյան միջոցով (0,3%) վարակման դեպքեր: ՄԻԱՎ վարակակիր տղամարդկանց մեծամասնությունը (53,7%) թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,3%):
Մեր երկրում ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 778 մարդ (70,7%): Իգական սեռի շրջանում արձանագրվել է վարակի 322 դեպք (29,3%): Այդ թվում` ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2%) արձանագրվել է երեխաների դեպքում: ՄԻԱՎ-ով վարակվածների 57,6%-ը աշխատունակ տարիքի անձինք են` 25-39 տարեկանները:
Համաճարակի սկզբից ՄԻԱՎ վարակով հիվանդներից 522-ի դեպքում (կին` 121, երեխա` 11) ախտորոշվել է ՁԻԱՀ: Գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 253 դեպք: Մահացածների թվում կան 42 կին եւ 5 երեխա:




























