Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երեւանին նվիրեց Օգյուստ Ռոդենի քանդակը, որն այժմ տեղադրված է Ֆրանսիայի հրապարակում: Սարկոզին Թբիլիսի այցելեց առանց նվերի: Կովկասում նման խորհրդանշական ժեստերը մեծ նշանակություն ունեն: Այդ մասին Analitika.at.ua-ին տված մեկնաբանությունում ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միջազգային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կրիլովը:

«Հայաստանի ղեկավարությունը կարող է բավարարված լինել նախագահ Սարկոզիի այցի արդյունքներից: Պետք է մատնանշել հայ ժողովրդի նկատմամբ Ֆրանսիայի նախագահի դրսեւորած ցուցադրական ուշադրությունը: Փարիզը հենց այնպես Ռոդենի քանդակ յուրաքանչյուրին չի նվիրում. դրան հատուկ իմաստ է տրվում: Կրկին ընդգծվել է Ֆրանսիայի եւ Եվրամիության դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի ուժային լուծման անթույլատրելիության մասին»,- ասել է Կռիլովը:

Նրա խոսքով, «Հարավային Կովկասում Նիկոլա Սարկոզիի այցի պաշտոնական արձագանքը ոչ միշտ է ցուցադրում իրերի իրական դրությունը: Բաքվի տխրության պատճառները սովորական են, այնտեղ, ինչպես Թուրքիայում հերքում են Հայոց ցեղասպանությունը: Նաեւ հույսեր էին փայփայում, որ ինչ-որ մեկը Ադրբեջանի համար կլուծի Ղարաբաղի խնդիրը: Սկզբում Բաքվի հիասթափությունը արտահայտվել էր նրանով, որ «Գազ` Ղարաբաղի դիմաց» գործարքը չէր հանգեցրել Արեւմուտքի կողմից Ղարաբաղի վերադարձին Ադրբեջանի վերահսկողության տակ: Այնուհետեւ Ադրբեջանը նման հույսեր կապել էր Ռուսաստանի հետ: Բայց նման հիասթափություններն օրինաչափ են, բոլոր միջազգային խաղացողներն ունեն իրենց շահերը, եւ Ղարաբաղի խնդիրը դիտարկվում են այդ շահերի համատեքստում: Ռազմական լուծումը հակասում է բոլոր հիմնական խաղացողների, անգամ Բաքվի դաշնակից Թուրքիայի շահերին: Բաքվում կարող էին հուսալ, որ Nabucco նախագծի վերակենդանացման հերթական փորձի հետ ԵՄ դիրքորոշումը կարող է փոխվել, բայց դա տեղի չունեցավ: Ֆրանսիայի նախագահն արձանագրեց առկա մոտեցումները, եւ դրա մեջ սենսացիոն ոչինչ չկա»,- ասել է փորձագետը:

Նիկոլա Սարկոզին Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան է այցելել հոկտեմբերի 6-7-ին: