Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, «ով պաշտոնապես վերադառնում է նախագահական աթոռին»: Սահակաշվիլին նման հայտարարություն արել է նախօրեին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Այդուհանդերձ, վրացի ղեկավարը պայմաններ է առաջադրել, առանց դրանց իրականացման երկխոսությունը հնարավոր չէ: Պայմաններից մեկն այն է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերը Աբխազիայից եւ Հարավային Օսիայից, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:

Դիտորդների գնահատմամբ, Վրաստանի նախագահի հայտարարությունը Նիկոլա Սարկոզիի կոչի պատասխանն է: Նա իր հայատարության մեջ նշել էր, որ «Ռուսաստանը զրկել է Վրաստանին իր տարածքների մի մասից» եւ կոչ արել` անել ամեն հնարավորը, որը Ռուսաստանը դառնա Վրաստանի գործընկերը: