Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր քաղաքական գործողությունների ընթացքը, կարգը, եւ ես, որպես քաղաքական կոալիցիայի ու «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ, որպես Հայաստանի քաղաքացի, ընդամենը ի գիտություն եմ ընդունում ՀԱԿ հանրահավաքում ընդունված որոշումը` դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի կողմից շուրջօրյա հանրահավաքների դադարեցման փաստը:

«Իրենք ունեն իրենց քաղաքական հաշվարկները: Երեւի թե այս փուլում այդպես գտան, որ հանրահավաքների շարունակականությունն ուղղակիորեն չի կարող լուծել այն խնդիրները, որոնք իրենք հռչակել են հանրահավաքում»,- նշեց պատգամավորը:

Խոսելով երկխոսության վերսկսման հնարավորության մասին` Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքն իրավասու չէ խոսել կոալիցիայի անունից: «Չի բացառվում, որ կոալիցիայի աշխատանքային խումբը գուցե անդրադառնա խնդրին: Համենայն դեպս, մեր դիրքորոշումը հստակ է եղել` քանի դեռ գնում են հանրահավաքներ, որեւէ իմաստ եւ նպատակահարմարություն չկար մեկ այլ հարթակում շարունակել երկխոսությունը: Որովհետեւ երկխոսությունը պիտի լիներ նրա համար, որ բոլոր խնդիրները փորձ արվեր լուծել երկխոսությամբ: Հիմա թե ինչպիսին կլինեն զարգացումները, ես կարող եմ պատասխանել միայն` մեր աշխատանքային խմբի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո»,- նշեց պատգամավորը եւ հավելեց. «ԲՀԿ տեսակետն այն է, որ մեր հասարակությունը չպետք է բաժանվի թշնամական ճամբարների, եւ միշտ էլ կարելի է գտնել ճանապարհներ, ուղիներ անգամ ամենաարմատական ընդդիմախոսների միջեւ փոխըմբռնման մթնոլորտում քննարկելու համար: Այդ մասին իր վերջին հարցազրույցում նշել էր նաեւ մեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»: