Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանագրի համաձայն, որոշվել է 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
Որոշվել է նաեւ 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Հանձնարարվել է Հայաստանի կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:




























