Երկու տարի առաջ ստորագրած հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փորձ էին, սակայն Անկարան ապակառուցողական մոտեցումներով ձախողեց կարգավորման գործընթացը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` ավելացնելով, որ դա ծանրակշիռ քայլ էր Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում:
Մելքոնյանի կարծիքով, Թուրքիայի հետ սահմանների բացումը միշտ եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում եւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն այդ ուղղությամբ արված ամենալուրջ եւ զգալի քայլն էր:
«Թուրքիայի ոչ կառուցողական մոտեցումն այս հարցում հարված հասցրեց թուրքական դիվանագիտությանը, քանի որ միջազգային հանրությունը, մասնավորապես, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրամիությունը Թուրքիային ընկալում են որպես անպտասխանատու եւ ոչ կառուցողական գործընկերոջ: Ձախողվեց նաեւ Թուրքիայի «զրո հիմնախնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը,- նշեց թուրքագետը:
Մելքոնյանը համարում է, որ հայ-թուրքական արձանագրությունները եւ Ցեղասպանության հարցով պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկը հակառակ ռեակցիան ունեցավ Թուրքիայում, քանի որ հասարակությունը սկսեց հարցադրում անել, թե ինչ Ցեղասպանության մասին է խոսքը, եթե իշխանությունները միշտ հերքել այն: Հայտնվել է թուրք պատմաբանների խումբ, որն այլ տեսակետ ունի Հայոց ցեղասպանության հիմնախնդրի վերաբերյալ:
Թուրքագետը նաեւ նկատեց, որ հայ-թուրքական արձանագրությունները մի քանի վիճելի կետերի պատճառով բուռն արձագանք ունեցան հայկական սփյուռքում, սակայն ժամանակի ընթացքում այդ լարվածությունը վերացավ:
«Եթե արձանագրություններն այդքան լավը լինեին Թուրքիայի համար, ապա թուրքական խորհրդարանը դրանք վաղուց վավերացրած կլիներ», - հայտարարեց Ռուբեն Մելքոնյանը:




























