Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո, 67 տարեկան հասակում, հոկտեմբերի 8-ին, մահացել է հայտնի արվեստաբան, ՀՀ նկարիչների միության անդամ Սարո Սարուխանյանը: Նա ծնվել է 1944 թվականի օգոստոսի 1-ին, Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սարո Սարուխանյանը 1960-1968 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում: 1969-1984թթ. եղել է Հայաստանի հանրագիտարանի արվեստի բաժնի գիտական խմբագիրը, 1977-1981 թթ. Երեւանում կազմակերպել է ԽՍՀՄ տարածքում առաջին ազատ ցուցահանդեսները: 1985-1992 թթ. եղել է Իջեւանի քանդակի միջազգային սիմպոզիումի, իսկ 2001 թվականին՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված քանդակի միջազգային սիմպոզիումի հեղինակ ու ստեղծագործական ղեկավար: Երկար տարիներ զբաղվել է արվեստաբանության ուսումնասիրմամբ եւ հեղինակել մի շարք գիտական արժեքավոր աշխատություններ («Արվեստի հոգեբանության, գեղարվեստական ձեւի ինֆորմացիոն բնույթը», «Ֆորման որպես նյութի ներքին սուբստանցի արտահայտություն», «Մոռացված գաղափարների վերագտնման ճանապարհին», «Քանդակային ձեւի ծնունդը»): Հեղինակ է նաեւ հայ կերպարվեստագետներին նվիրված 250-ից ավելի հոդվածների ու հեռուստահաղորդումների: 1988 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է, 1998 թ.՝ վարչության անդամ, ապա եւ՝ գիտական քարտուղար:

Սարո Սարուխանյանը տարիներ շարունակ վարել է վարչական պաշտոններ. 2001-2009 թթ. եղել է ՀՀ Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն, այնուհետեւ ՀՀ Ազգային պատկերասրահի մասնաճյուղեր Ա. Սարգսյանի եւ Հ. Կոջոյանի տուն-թանգարանների վարիչ: Որպես ոլորտի լավագույն գիտակ՝ փորձագետ է աշխատել Մշակութային արժեքների պահպանման եւ գնահատման վարչությունում, ՀՀ փորձագիտական բյուրոյի մշակույթի բաժնում: