Բացառված չէ, որ Հայաստանը կարող է անսպասելիորեն հետ կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Այդ մասին հոկտեմբերի 10-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ եթե նույնիսկ հայկական կողմը առաջինը հետ կանչի իր ստորագրությունը, ապա մեղքը միեւնույն է ընկնելու է թուրքական կողմի վրա:
Ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցվել է, եւ դրա մեղավորը թուրքական կողմն է, նշել է թուրքագետը` հավելելով, որ արձանագրությունները չեն կարող հավերժ մնալ Հայաստանի օրակարգում:
«Նպատակահարմար չէ տասնյակ տարիներ շարունակ արձանագրությունները թողել օրակարգում: Հետեւաբար, միանգամայն իրատեսական է ստորագրությունների հետ կանչելը Հայաստանի կողմից: Սակայն ներկայումս պետք չէ կտրուկ քայլերի գնալ, քանի որ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Մերձավոր Արեւելքի խնդիրների վրա: Հիմա քաղաքական դեմարշը ազդեցություն չի ունենա»,-նշել է Մելքոնյանը` հավելելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նյարդային խաղ է ընթանում, եւ Հայաստանը հաղթում է` իրեն սառնասրտորեն պահելով:
Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում: Սակայն դրանց վավերականացման գործընթացը կասեցվել է Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: 2011 թ. օգոստոսին Անկարան հանեց արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի օրակարգից:




























