Երեւանում, այսօր` հոկտեմբերի 10-ին, մեկնարկում է «Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կազմակերպած կինոփառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 15-ը: Այն նվիրվում է Հայաստանի 20 ամյակին:

Կինոփառատոնը կոչված է օժանդակելու երիտասարդ ստեղծագործողներին եւ ինտեգրացիոն գործընթացների ձեւավորմանը կինոյի ասպարեզում:

«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը Երեւանում անցկացվում է 2004 թ. ամեն տարի, սկսած 2007 թ.՝ երկու տարին մեկ անգամ:

 Այս տարի փառատոնին ներկայացվել է  շուրջ 112 ֆիլմ 16 երկրներից` Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա,  Լիտվա, Լատվիա, Գերմանիա, Չեխիա,  Սլովակիա, ԱՄՆ եւ այլն:

«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի հաղթողները մրցանակների կարժանանան հետեւյալ անվանակարգերում. Գրան պրի` «Լավագույն ֆիլմի» համար, «Լավագույն ռեժիսորական աշխատանք»,

«Լավագույն խաղարկային աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն վավերագրական աշխատանք», «Լավագույն ուսանողական աշխատանք», «Լավագույն անիմացիոն աշխատանք»:

«Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնի բացման արարողությունը կկայանա  հոկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ փակումը` հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին /«Մոսկվա» կինոթատրոն/:

Ֆիլմերի ցուցադրումները կկայանան «Կինոյի տանը» /մուտքը` Վարդանանց փ./: