Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է ընդունի իր պատմության մութ էջերը, չի հանգեցնի էական փոփոխությունների Թուրքիայի` Հայաստանի հանդեպ իրականացվող քաղաքականության հարցում: Այդ մասին հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, հոկտեմբերի 10-ին կայացած ասուլիսում:
Թուրքագետի գնահատմամբ, Հայաստան կատարած այցի շրջանակներում, Սարկոզիի ելույթը դրական է, քանի որ այն հերթական անգամ ապացուցեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման այլընտրանք լինել չի կարող: «Արժի նաեւ նշել, որ Թուրքիայում հակաֆրանսիական մթնոլորտ է, եւ այդ հայտարարությունից հետո այն ավելի է սրվել: Դրա վառ ապացույցը թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն են, որոնք դուրս են դիվանագիտական էթիկայի շրջանակներից»:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի կողմից նշած ժամկետներին` կապված Թուրքիայի` Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, Մելքոնյանը գտնում է, որ դրանք ֆանտաստիկայի ժանրից են: «Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ առկա են նախընտրական արշավի տարրեր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի հայկական մեծ համայնք կա: Հայտարարությունը պետք է դիտարկել նաեւ այդ տեսանկյունից»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստան կատարած այցի շրջանակներում կոչ է արել Թուրքիային` ընդունելու Հայոց ցեղասպանությունը` հակառակ դեպքում սպառնալով, որ Ֆրանսիան կընդունի օրինագիծ, որը քրեական պատասխանատվության են ենթարկվում Ցեղասպանությունը ժխտող անձինք:




























