Անցյալ շաբաթ մահացած ՅՈՒԿՕՍ ընկերության մենեջեր Վասիլի Ալեքսանյանը The New Times-ին տված հարցազրույցում պատմել էր այն ճնշումների մասին, որ իր վրա գործադրել են իշխանություններն այն բանից հետո, երբ ինքն այլեւս չէր ենթարկվում քրեական հետապնդման:
«Ազատ արձակումից հետո Ձեզ հանգի՞ստ են թողել»,-հարցրել էին լրագրողները:
«Ոչ նրանք ինձ սարսափեցնում են ամեն օր: Դա հնարավոր չէ հանդուրժել: Նրանք ահաբեկում են մարդկանց, ովքեր աշխատում են ինձ հետ եւ փորձում են օգնել ինձ»,-պատմել էր Ալեքսանյանը:
«Իշխանություններն ինձ հանգիստ չեն թողնում: Ծնողներս արդեն խեալագարվում են: Նրանք վախենում են, որ ինձ կրկին կնստացնեն եւ այլեւս բաց չեն թողնի»,-բողոքել է նա: «Բայց Ձեր գործն արդեն փակվել է, ինչո՞ւ Ձեզ հանգիստ չեն թողնում»,-հարցրել էին լրագրողները:
«Նրանք ահաբեկում են բոլորին, ովքեր ինձ օգնում են: Բժիշկներից մեկը կայուն է պահում իմ առողջական վիճակը: Եկել են նաեւ նրա մոտ եւ հայտնել, որ մենք նրան այն հաշվարկով ենք ազատ արձակել, որ տարվա ընթացքում մահանալու է»,-հայտնել էր Ալեքսանյանը:
Այն հարցին, թե ինչո՞ւ է նա չի գնացել արտասահման բուժվելու` Ալեքսանյանը նշել էր. «Անգլիացիները ինձ վիզա չեն տվել: Տվել են հիմար բացատրություն. իբր ես չեմ ապացուցել, որ ամուր կապեր ունեմ Ռուսաստանում: Իմ խնամակալության տակ է 8-ամյա որդիս, 73-ամյա ծնողներս: Միթե դա բավարար չէ՞ր: Ըստ էության, կային նաեւ այլ պատճառներ: Նրանք չեն ցանկանում, որ ես այնտեղ տեղափոխվելուց հետո մահանամ, իսկ ես մահանալ չեմ պատրաստվում», հաղորդում է «Գազետա. Ru»-ն:
Հիշեցնենք, որ ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին գործադիր փոխնախագահ, 38-ամյա իրավաբան հայազգի Վասիլի Ալեքսանյանը վախճանվել է Մոսկվայում հոկտեմբերի 3-ին: Որպես մահվան պատճառ նշվում են Ալեքսանյանի բազմաթիվ հիվանդությունները, այդ թվում` ՁԻԱՀ-ը, տուբերկուլյոզն ու քաղցկեղը:
Նշենք, որ Ալեքսանյանը 2006-ին ձերբակալվել էր փողերի լվացման եւ լեգալացման, ինչպես նաեւ ՅՈՒԿՕՍ-ի դուստր ձեռնարկությունների գույքի յուրացման մեղադրանքով: Նա իրեն մեղավոր չէր ճանաչել, նրա մեղքն այդպես էլ չէր ապացուցվել:




























