Հայաստանի իշխանությունները վախենում են անկախ լրատվամիջոցներից: Նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած «Լրատվամիջոցները եւ դրանց ազդեցությունը հասարակական-քաղաքական գործընթացների վրա» թեմայով քննարկումների ժամանակ: Քննարկումները կազմակերպվել են ԱՄՆ Ազգային մամուլի ակումբի եւ Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից:

Նշելով, որ լրատվամիջոցները արտահայտում են հասարակության կարծիքը պատգամավորը նշել է, որ հենց լրատվամիջոցների միջոցով հասարակությունը կարող է իր կարծիքը հասցնել ղեկավար օղակներին: Անահիտ Բախշյանի խոսքով, շատ պաշտոնյաներ վախենում են լրատվամիջոցներից, եւ մի շարք հարցեր լուծվել են լրատվամիջոցների միջամտության շնորհիվ: Բախշյանը նշել է, որ «Ժառանգության» համար, որը չունի սեփական լրատվամիջոց, կարեւոր է ապահովել հավասար պայմաններ, հատկապես հեռուստատեսության առումով:

«Բայց դա չկա, քանի որ լրատվամիջոցները եւ հատկապես հեռուստաընկերությունը սրսկվում են առանձին քաղաքական ուժերի կողմից»,-նշել է Բախշյանը: Այդ համատեքստում պատգամավորը հիշեցրել է ընդդիմադիր «Ա1+» եւ «Նոյան Տապան» հեռեւստաընկերությունների փակումը եւ հայտարարել, որ իշխանությունները վախենում են անկախ լրատվամիջոցներից: