ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն անհանգստացած է Ադրբեջանում տեղի ունեցած ցույցերի 4 մասնակիցների նկատմամբ ընդունված դատավճռի առթիվ:
«Վկայակոչելով տարվա սկզբին արված ԵՄ-ի հայտարարությունը, որով անհանգստություն էր արտահայտվում Ադրբեջանում հավաքների ազատության կապակցությամբ, եւ ԵՄ-ի` օգոստոսի 26-ի հայտարարությունը, որտեղ քննադատվում էր 2011-ի ապրիլի 2-ին խաղաղ ցույցի 6 մասնակիցների ձերբակալությունը, Քեթրին Էշթոնը շատ անհանգստացած է նրանցից 4-ի գործով կայացված դատավճռի առթիվ»,-ասվում է Էշթոնի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ ԵՄ Գերագույն ներկայացուցիչը կոչ է արել Ադրբեջանի դատական համակարգի ներկայացուցիչներին ապահովել արդարացիությունը եւ բողոքարկման գործընթացի թափանցիկությունը: Այդ ենթատեքստում նա մտահոգություն է հայտնել նաեւ Ադրբեջանում անկախ փաստաբանների գործունեության համար առաջացող խոչընդոտների առթիվ:
«ԵՄ պատվիրակությանը կարգադրվել է ուշիուշով հետեւել այդ հարցում հետագա զարգացումներին եւ շարունակել օժանդակել Ադրբեջանին դեմոկրատացման եւ օրենքի գերակայության ուղղությամբ իր պարտավորությունների իրականցման գործում»,-ասված է հայտարարության մեջ:




























