Եթե Հայաստանում կան ձեւավորված ինստիտուտներ, ապա դրանցից մեկը լրատվամիջոցներն են: Նման կարծիք է հայտնել «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, հոկտեմբերի 10-ին, «Լրատվամիջոցները եւ դրանց ազդեցությունը հասարակական-քաղաքական գործընթացների վրա» թեմայով կայացած քննարկման ժամանակ: Քննարկումները կազմակերպվել են Մամուլի ազգային մամուլի եւ ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից:
Նրա ներկայացմամբ, խոսքի ազատությունը Հայաստանի սակավաթիվ ձեռքբերումներից մեկն է, եւ հաջողությունը ձեռք է բերվել անձնազոհ մարդկանց ուժերով, ովքեր աշխատել են` չնայած ֆինանսական խնդիրներին եւ ճնշումներին: «Ոչ գործադիր, ոչ օրենսդիր իշխանություններին չեն օժանդակել Լրատվամիջոցների ինստիտուտի կայացմանը, այլ միայն խանգարել են»,-նշել է Արմինե Օհանյանը` հավելելով, որ օրենսդրության մեջ մտցված դրույթները` կապված զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացման հետ, ավելի անպաշտպան են դարձրել լրատվամիջոցներին: Նրա խոսքով, ձեւակերպումներն այնքան լղոզված են, որ դժվար է կանխատեսել, թե որ հրապարակումը կարող է դատական միջամտության առիթ հանդիսանալ:
Բացի այդ, Օհանյանը կարծում է, որ Հայաստանում ձեւավորվել է սովորույթ, երբ պետական պաշտոնյաները փորձում են կոծկել տեղեկությունը: Իսկ տեղեկության անբավարարությունը հանգեցնում է հորինվածքների առաջացման, քանի որ լրագրողները հնարավորություն չեն ունենում ստուգել տեղեկությունը: Ինչ վերաբերում է լրագրողների ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների վերաբերյալ հնչող տեսակետներին, ապա Արմինե Օհանյանը խորհուրդ է տալիս պետական աշխատողներին մտածել սեփական պրոֆեսիոնալիզմի մասին:




























