Մամուլի ազգային ակումբում, այսօր` հոկտեմբերի 10-ին, կայացել է «Լրատվամիջոցները եւ դրանց ազդեցությունը հասարակական-քաղաքական գործընթացների վրա» թեմայով քննարկում, որին ժամանակ մասնակցած պատգամավորները միաձայն կոչ են արել լրատվամիջոցներին լինել օբյեկտիվ եւ անաչառ:
Մասնվորոպես, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը նշել է, որ մեծապես կարեւորում է լրատվամիջոցների օբյեկտիվությունը: Այնուհետեւ, պատգամավորը քննարկմանը մասնակից լրագրողներին հիշեցրել է, որ գոյություն ունեն լրատվամիջոցների մի քանի տեսակներ` հեռուստատեսություն, տպագիր մամուլ, ինտերնետ եւ դրանցից յուրաքանչյուրն ունի իր լսարանը: «Կարեւոր է, որ լրատվամիջոցները, հատկապես նախընտրական շրջանում, լինեն օբյեկտիվ»,-եզրափակել է Սահակյանը:
«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը հիշեցրել է լրատվամիջոցների պաշտպանության անհրաժեշտության մասին, առանց որի օբյեկտիվություն եւս չի լինի: Նրա կարծիքով, լրատվամիջոցների եւ իշխանությունների համագործակցությունը կնպաստի մի շարք հարցերի լուծմանը: Նա համոզված է, որ առանց օբյեկտիվ լրատվամիջոցներ հնարավոր չէ նաեւ լուսավոր ապագա:
Իր հերթին, «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանը կարծիք է հայտնել, որ լրատվամիջոցները իրականացնում են իրենց տերերի կամքը, եւ դա ամենաբացասական դրսեւորումներից մեկն է, որն առկա է անկախության տարիներին:
Նա անդրադարձել է մամուլում հանդիպող «տեղեկացված աղբյուր» արտահայտությանը, նշելով. «Դա ի՞նչ ձեւակերպում է: Եթե ասելիք ունեն, թող ուղղակի գրեն, թե դա ինչ աղբյուր է, իսկ այդ ձեւակերպումն աբսուրդ է»:




























