Թուրքիան, հացահատիկի գործարքին ՌԴ վերադարձի դեպքում, ցանկանում է միանգամից 12 ամսով երկարացնել այն, տեղեկացրել է 24TV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում «մեկ անգամ եւս նշել է այն խնդիրները, որոնց կբախվի աշխարհը, եթե հացահատիկի միջանցքի մասին համաձայնագիրը չերկարացվի»։ Հացահատիկի գործարքի երկարացման դեպքում Թուրքիան կխոսի միանգամից 12 ամսով այն երկարացնելու մասին, նշել է հեռուստաալիքը։
Չի նշվել, սակայն, թե ինչ քայլեր է մտադիր իրականացնել Անկարան, որպեսզի բավարարի ՌԴ պահանջները հացահատիկի գործարքին վերադառնալու համար։
Չորեքշաբթի տեղի է ունեցել հինգ շաբաթվա ընթացքում առաջին հեռախոսազրույցը Պուտինի եւ Էրդողանի միջեւ։ Նախագահները պայմանավորվել են հնարավոր հանդիպմանը պատրաստվելու մասին, քննարկել Մոսկվայի եւ Անկարայի առեւտրատնտեսական կապերի զարգացումը, էներգետիկայի ոլորտում նախագծերի իրականացումը եւ համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը տրամադրված է փոխգործակցել Թուրքիայի եւ շահագրգիռ այլ պետությունների հետ կարիքավոր երկրներին իր ցորենի մատակարարումների տարբերակների մշակման հարցում։ Էրդողանն իր հերթին հավաստիացրել է, որ Թուրքիան կշարունակի ակտիվ ջանքերը եւ կօգտագործի դիվանագիտությունը սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունը երկարացնելու համար։





























