Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել հացահատիկի գործարքը վերականգնելու ՄԱԿ եւ Թուրքիայի ջանքերին։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Արտաքին կապերի եվրոպական ծառայության կայքում։
«Մենք կշարունակենք աջակցել Միավորված Ազգերի Կազմակերպության եւ Թուրքիայի անդադրում ջանքերին սեւծովյան հացահատիկային նախաձեռնության վերականգնման համար»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Բորելը խնդրել է միության գործընկերներին Ռուսաստանին հորդորել վերադառնալ այս նախաձեռնության բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն կկարողանա հասնել այն բանին, որ Մոսկվան վերականգնի այն։
Օգոստոսի 3-ին «ՌԻԱ Նովոստին», հղում կատարելով աղբյուրին, հայտնել է, որ Թուրքիան հացահատիկի գործարքի վերաբերյալ առաջարկներ է պատրաստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախատեսվող այցին ընդառաջ։
Օգոստոսի 2-ին Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Էրդողանի գրասենյակի տեղեկացմամբ՝ նրանք պայմանավորվել են Պուտինի Թուրքիա այցելության մասին։





























