Սամարայի մարզի առողջապահության նախարար Արմեն Բենյանին եւ նրա տեղակալ Ասլանբեկ Մայրամուկաեւին կալանավորել են խարդախության գործով։ Այս մասին տեղեկացրել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնն իր թելեգրամ-ալիքում։

«Սամարայի մարզի առողջապահության նախարար Արմեն Բենյանը եւ նրա տեղակալ Ասլանբեկ Մայրամուկաեւը կալանավորվել են մարզի բուժհաստատություններում խարդախության քրեական գործով։ Հետաքննությունը վարում է Սամարայի ՆԳՆ վարչությունը»,- գրել է Խինշտեյնը, որը Պետդումայում ներկայացնում է Սամարայի մարզը։

Ավելի վաղ տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրը ՏԱՍՍ-ին հաղորդել էր, որ Սամարայի մարզի առողջապահության նախարարությունում խուզարկություններ են կատարվում խարդախության գործով։ Baza թելեգրամ-ալիքը տեղեկացրել էր մարզի առողջապահության նախարար Արմեն Բենյանի եւ նրա տեղակալ Ասլանբեկ Մայրամուկաեւի կալանավորման մասին։