ԱՄՆ-ը հույս ունի, որ հացահատիկի գործարքը կվերսկսվի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Հուսով ենք, որ այդպես կլինի»,- ասել է նա՝ ի պատասխան լրագրողի համապատասխան հարցին։

Հացահատիկի գործարքն ավարտվել էր հուլիսի 17-ին։ Անցյալ շաբաթվա վերջին ելույթ ունենալով Ռուսաստան-Աֆրիկա ֆորումի լիագումար նիստում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը  մասնակցել է դրան՝ միաժամանակ  հաշվի առնելով, որ կկատարվեն գործարքով նախատեսված պարտավորությունները, այն է՝ կվերացվեն ՌԴ-ից համաշխարհային շուկաներ  հացահատիկի և պարարտանյութերի մատակարարման անօրինական խոչընդոտները, սակայն պայմաններից ոչ մեկը չի կատարվել։

Իր հերթին, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը նշել է, որ հացահատիկի գործարքը կարող է վերսկսվել «նոր ձևով», սակայն դրա համար Արևմուտքի կողմից կոնկրետ գործողություններ են պահանջվում։