Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է  արտահանման մաքսատուրքերի ժամանակավոր նվազեցման մեխանիզմ կիրառել՝ բարեկամ երկրներ ապրանքների մատակարարումն ավելացնելու համար, կառավարության նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Բարեկամ երկրներ հացահատիկի, պարարտանյութերի, հումքի մատակարարումների աճը խթանելու նպատակով կառավարությունն առաջարկում է սակագնային արտոնությունների հատուկ ճկուն գործիքակազմ  ներդնել։ Խոսքը մինչև վեց ամսով արտահանման մաքսատուրքերի նվազեցման հնարավորության և որոշակի ծավալով ապրանքների արտահանման համար ժամանակավոր, ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, մաքսային ցածր կամ զրոյական դրույքաչափերի սահմանման մասին է»,- ասել է վարչապետը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։  

Ըստ Միշուստինի, այդ մեխանիզմը գործարկելու համար անհրաժեշտ կլինի նախարարների կաբինետին լրացուցիչ լիազորություններ  տալ։ «Մաքսային սակագների մասին օրենքում համապատասխան փոփոխությունները պատրաստ են, այսօր մենք փաստաթղթերի ողջ փաթեթը կուղարկենք Պետդումա քննարկման»,- ասել է վարչապետը։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, չնայած պատժամիջոցների ճնշմանը, Ռուսաստանը շարունակում է համակարգված կերպով ընդլայնել առևտրատնտեսական կապերը բոլոր այն պետությունների հետ, որոնք հավատարիմ են հավասար և փոխշահավետ գործընկերությանը։

Նոր միջոցը, ընդգծել է Միշուստինը, կօգնի աջակցել Ռուսաստանի այն շրջաններին, որոնց նկատմամբ  արտաքին սահմանափակումներ են գործում և այն տարածաշրջաններին, որտեղ լոգիստիկ երթուղիների փոփոխությունը հանգեցրել է տրանսպորտային ծախսերի մեծացմանն և տեղական ձեռնարկությունների արտահանման մատակարարումների թանկացմանը: