Սիրիայի արաբական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները ՌԴ օդատիեզերական ուժերի անձնակազմերի հետ առաջին անգամ գիշերը մարտավարական զորավարժություն են անցկացրել Համա նահանգում։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Զորավարժության ծրագրի համաձայն, ենթադրյալ հակառակորդը փորձել է գրոհել կառավարական զորքերի տեղակայման վայրերը և գրավել խաղաղ բնակիչներով բնակավայրը։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-35 կործանիչների և Սու-24 ռմբակոծիչների անձնակազմերը Սիրիայի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ կրակային վնաս են հասցրել հակառակորդի կարևորագույն թիրախներին։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Կա-52 հարվածային ուղղաթիռները ոչնչացրել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան և ամրացված կրակային դիրքերը։ Սիրիայում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի խմբավորման հրամանատարությունը և Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի ղեկավարությունը բարձր են գնահատել ռուսական և սիրիական ստորաբաժանումների համակարգված գործողությունները։
Բացի այդ, օգոստոսի 2-ից Բալթիկ ծովում ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովի գլխավորությամբ անցկացվում են «Օվկիանոսային վահան-2023» ռազմածովային զորավարժությունները։
Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է ստուգել Ռուսաստանի Դաշնության ազգային շահերը օպերատիվ կարևոր տարածքում պաշտպանելու ռազմածովային ուժերի պատրաստականությունը և զորքերի կառավարման հարցում տարբեր մակարդակների շտաբերի աշխատանքի համակարգվածությունը:
Զորավարժությունների ընթացքում միջոցառումներ կմշակվեն ծովային ուղիների, զորքերի և ռազմական բեռների փոխադրման, ինչպես նաև ծովի ափի պաշտպանության համար։ Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 30 ռազմանավ և նավակ, 20 օժանդակ նավ, ռազմածովային ավիացիայի և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 30 ինքնաթիռ, մոտ 6 հազար զինվորական։





























