Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որը  մի քանի ամիս առաջ հրապարակայնորեն հանդես էր գալիս խաղաղության բանակցությունների օգտին, հաստատել է, որ իր երկիրը շարունակում է աշխատել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, սակայն «ոչ Պուտինը, ոչ Զելենսկին պատրաստ չեն խաղաղության»,- օտարերկրյա լրագրողների հետ զրույցում ասել է նա, տեղեկացնում է  Reuters-ը:

Ըստ Լուլայի, Բրազիլիան և այլ չեզոք երկրներ  խաղաղության առաջարկներ են պատրաստում, որոնք Ուկրաինան և Ռուսաստանը կարող են օգտագործել այն ժամանակ, երբ պատրաստ կլինեն բանակցելու։

Լուլա դա Սիլվան երբեք չի խոսել խաղաղության իր առաջարկների մանրամասների մասին, թեև նշել է, որ դրանք մշակվում են այլ երկրների հետ համատեղ, և դրանց թվում նշել է Չինաստանն ու Թուրքիան, գրում է BBC-ն։

Նա  բացասական արձագանք էր առաջացրել Ուկրաինայում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում իր այն արտահայտություններով, թե Արևմուտքը խրախուսում է պատերազմը՝ զենք մատակարարելով,  որ Զելենսկին նույնքան պատասխանատու է հակամարտությունը սկսվելու համար, որքան Պուտինը, և որ Արևմուտքը նույնպես որոշակի պատասխանատվություն է կրում դրա համար։ 

Բրազիլիայի նախագահը չի արձագանքել Կիև այցելելու հրավերին, սակայն չի ընդունել նաև Պուտինի՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին մասնակցելու հրավերը։