Երեխաների ծնողները, որոնց այսօր հանել են Թուրքիայի Rios Latte Beach հյուրանոցից, սկսել են ինքնուրույն նրանց տեղափոխել Ռուսաստան։ Առավոտից Անթալիայի օդանավակայան է եկել 7 մարդ։ Հակառակ «Կոլիբրի» ճամբարի ղեկավարության հայտարարության, որը խոստացել է տոմսեր գնել, վճարել տրանսֆերի եւ թռիչքի համար վճարել են իրենք՝ ծնողները։ Նրանց խոսքով՝ հյուպատոսությունից եւ պետական այլ ծառայություններից ոչ ոք իրենց հետ չի կապվել, բոլոր հարցերը լուծել են իրենք, տեղեկացրել է Tourdom-ը։

Մոտ 10 դպրոցական կտեղափոխվի այլ ճամբար, որը Թուրքիայում կազմակերպել է «Օստ-Վեստ» տուրօպերատորը։ Տուրիզմի գծով տնօրեն Անդրեյ Վլադիմիրովի խոսքով՝ այնտեղ մնալու հնարավորություն կտրամադրեն հնարավոր նվազագույն գնով։

Ինչ վերաբերում է մի քանի տասնյակ երեխաներից բաղկացած խմբի մյուս մասին, ապա ծնողները սպասում են Վուղար Ալագբարովի տեղեկությանը, որին համարում են ուղեւորության շահառուն եւ գլխավոր կազմակերպիչը։

Մեկ օր առաջ «Կոլիբրիում» խոստացել էին օգոստոսի 5-ին Թուրքիայից երեք տարբեր չվերթներով հետ ուղարկել 52 երեխաների։

Անդրեյ Վլադիմիրովի խոսքով՝ «Կոլիբրիի» հետ կապված խնդիրներ առաջանում են ոչ առաջին անգամ։ 2019թ. ընկերությունը նրա ֆիրմային պարտք էր մնացել 30 հազար եվրո։ 2021թ. ստացվել էր այդ գումարի կատարողական թուղթ, բայց փողը մինչ այժմ չի վերադարձվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս երեխաների արձակուրդը Թուրքիայում «փչացրել» են։ «Կոլիբրի» ճամբարի հանգստացողները ստիպված են եղել ժամկետից շուտ վերադառնալ տուն։ Իսկ դրանից առաջ գիշերել ավտոբուսում եւ այգու նստարաներին, որովհետեւ նրանց հյուրանոցից դուրս էին հանել գիշերվա կեսին։ Ուղեւորության կազմակերպիչը եւ ընդունող հյուրանոցը դրանում մեղադրել են միմյանց։