Շիրակի մարզում երկու սողանքային գոտի կա, որոնք խիստ անհանգստացնում են մասնագետներին: Մեկը Առափիի սողանքն է, որը վտանգավոր է նրանով, որ այդ տարածքում մեծ թիվ են կազմում բնակելի կառույցները եւ վտանգի տակ է մի ամբողջ գյուղի բնակչություն, իսկ երկրորդը Ջաջուռի սողանքային գոտին է:
Այդ տարածքը նշանակալի է ռազմավարական առումով եւ ավտոճանապարհ կա եւ լեռնացք, որով անցնում է երկաթուղային միակ ուղին, որ կապում է Հայստանին աշխարհի հետ: Երկրաֆիզիկոս Ռոլան Գասպարյանն աշխատել է Ջաջուռի սողանքային գոտում 30 տարեկանից, երբ սողանքը ջաջուռում առաջին անգամ ակտիվացավ: «Հիմա էլ իրավունք չունենք կարծելու, որ սողանքը դինամիկ վիճակում չէ, եթե ակտիվանա, կտուժի եւ ավտոճանապարհը եւ որ ավելի սարսափելի է սարը կշարժվի դեպի թունել, որը միակ երկաթուղային ուղին է Հայաստանին աշխարհի հետ կապող»,- ասել է Ռոլան Գասպարյանը:
Ջաջուռի սողանքը մարդածին է համարվում, այսինքն առաջացել է մարդկանց սխալ գործունեության հետեւանքով, այսօր էլ սողանքի գոտում ինչ- որ աշխատանքներ են կատարվում: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հետ համատեղ սողանքային գոտում իրականացվում են փորման աշխատանքներ, որպեսի մթնոլորտային ջրերի ջրահեռացման համակարգեր կառուցեն: Սակայն բանն այն է, որ տեղում աշխատում են մարդիկ, ովքեր սողանքի մասնագետներ չեն եւ տեղում ուսումնասիրություններ էլ շուրջ 20 տարի արդեն չեն կատարվել: «Նման անզգույշ վերաբերմունքի պատճառով առաջացավ առաջին սողաքային փլուզումը, երբ փորձեցին կարճ ճանապարհ բացել , այդ ժամանակ, սկսվեց Ջաջուռի սողանցքը, որը սպառնում էր անգամ լեռնանցքին»,- նշել է նա:
Դրանից հետո մի որոշ ժամանակ ուսումնասիրություններ են կատարվել, իրականացվել են ցիկլային ռեժիմային դիտարկումներ, որոնք վկայել են, որ սողանքը կանգ չի առել, բայց կանգ են առել ուսումնասիրությունները: Այսօր, ըստ մասնագետի, այդ 2 մետրանոց ճաքերն այլեւս չկան, բայց ինչ վիճակում է սողանքային գոտին, ուսումնասիրությունների արդյունքները չկան:
«Բայց որ սողանքային գոտին դինամիկ վիճակում է այսօր, սա անխոս, դրա մասին վկայում են սարալանջին տեղ-տեղ գոյացող ճահիճները: Այդ ջրերը դուրս են գալիս ստորգետյա մակերեւույթից, հոսում ու մեծ մասամբ նորից ներծծվում` ապահովելով սողանքի դինամիկան»,- ամփոփել է Ռոլան Գասպարյանը:




























