Հայաստանն ունակ է Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքները վերացնել սեփական ուժերով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրա խոսքով, այսօրվա դրությամբ, հողազանգվածից երեք դիակ են հայտնաբերել: Նախարարը հիշեցրել է, որ որոնողական աշխատանքները տարվում են հոկտեմբերի 2-ից:

Սողանքի գոտում ամեն օր աշխատում է 180-200 փրկարար, չհաշված ուժային կառույցների ներկայացուցիչներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա: Այս պահին անհայտ կորած է համարվում  2 մարդ՝ Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը եւ Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը: Հողազնագվածից դուրս է բերվել 26 ավտոմեքենա: