Կիեւի Պեչերյան դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին մեղավոր է ճանաչել «գազի գործով»: Դատավոր Ռոդիոն Կիրեեւը, հրապարակելով դատավճիռը, հայտարարել է, որ Տիմոշենկոն գերազանցել է իր պաշտոնեական լիազորությունները` 2009-ին Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելիս, հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով Reuters-ը:

Դատարանն ապացուցված է համարել այն փաստը, որ նախկին վարչապետը երկրին` տվյալ դեպքում «Նեֆթոգաս Ուկրաինա» ընկերությանը հասցրել է 1,5 մլրդ գրիվենի (շուրջ 200 մլն դոլար) վնաս:

Դատավճռի հրապարակումը շարունակվում է: Յուլյա Տիմոշենկոն, ի նշան բողոքի, դատավճիռը լսում է նստած:

Նա կալանավորվել է օգոստոսի 5-ին: Մեղադրող կողմը դատավորից պահանջել է Տիմոշենկոյին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Ընդդիմությունը հայտարարում է, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է: