ՌԴ Մոսկվայի մարզի Սերգիեւ Պոսադ քաղաքում պայթյուն է որոտացել։

ՌԴ Մոսկվայի մարզի ՌՔԿ վարչությունում նշել են, որ տեղի է ունեցել պայթյուն Սերգիեւ Պոսադի Զագորսկի օպտիկա-մեխանիկական գործարանի պիրոտեխնիկայի պահեստում, հայտնել է «Կոմերսանտը»։

Շինության մակերեսը՝ 100 քառակուսի մետր, պայթյունի հետեւանքով լիովին քանդվել է։ Տուժել է 16 մարդ, նրանք հիմնականում ստացել են կտրված վերքեր կոտրված ապակիներից, ինչպես նաեւ կոնտուզիա են ստացել։

Նախնական տեղեկատվությամբ՝ պատճառը անվտանգության տեխնիկայի խախտումն է, ստույգ պատճառը կպարզի փորձաքննությունը։ Կհարուցվի քրեական գործ ՌԴ Քր. օր. 238 հոդվածով (ապրանքների եւ արտադրանքի արտադրություն, պահում, տեղափոխում կամ սպառում, աշխատանքների կամ սպասարկումների իրականացում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին)։

Վարձակալը «Պիրո-Ռոս»-ն է, որը սնանկ է ճանաչված։ Նրա ղեկավարությունը քննության տակ է։

ԱԻՆ-ում «Զվեզդա» հեռուստաալիքին հայտնել են, որ արտակարգ դրության վայրում հրդեհ չկա։ Baza թելեգրամ-ալիքը գրել է, որ փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել։

Գործարանում հայտարարվել է տարհանում բոլոր արտադրամասերից, այդ թվում վարձակալվածներից։ Պայթյունի վայր է եկել օկրուգի ղեկավար Դմիտրի Ակուլովը, այստեղ է նաեւ Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։