ՌԴ Մոսկվայի մարզի Սերգիեւ Պոսադ քաղաքի գործարանի պայթյունից տուժածների թիվը հասել է 31-ի, իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Նրա խոսքով՝ այժմ պայթյունի տեղում իրականացվում է փլատակների մաքրման աշխատանք։

«Գիտենք, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել 10.40-ին մետաղական անգարում։ Դա պիրոտեխնիկայի պահեստ է, որը վարձակալել էր մի մասնավոր ընկերություն Զագորսկի օպտիկա-մեխանիկական գործարանի տարածքում։ Ծառայությունները զեկուցում են 31 տուժածի մասին, նրանցից երեքը՝ ծանր վիրավորումներով, նրանք վերակենդանացման բաժանմունքում են, եւս 12 մարդ ուղարկվել է վնասվածքների կենտրոն։ Հիվանդանոց է տեղափոխվել 19 մարդ, նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։

Մարդկանց անվտանգության համար բոլոր շինություններից եւ արտադրամասերից նրանց տարհանել են, տարհանվել է նաեւ մոտակա մանկապարտեզը։

Օսիպենկոյի եւ Կառլ Լիբկնեխտի փողոցների բնակելի տներում կոտրվել են ապակիները։ Անպայման կհոգանք բոլորի մասին, որոնց բնակարանները տուժել են պայթյունից։ Մասամբ վնասվել է «Լուչ» մարզական համալիրը, կոտրվել են ապակիները, փլուզվել են լողավազանի ճակատամասը եւ ջերմային հանգույցի աղյուսաշարը»,- նշել է Անդրեյ Վորոբյովը։