Ստամբուլում կանխվել է Իչկերիայի հանրապետության գերագույն շարիաթական դատարանի նախկին ղեկավար Շամսուդին Բատուկաեւի դեմ մահափորձը, ում վճռով Գրոզնիում առաջին հրապարակային մահապատիժներն էին ի կատար ածվել:
Ոստիկանությունը ձերբակալել է չկայացած սպանության ենթադրյալ կատարողին եւ պատվիրատուին: Նրանք չեչեններ են` 26-ամյա քիլեր Բահրամ Բատումաեւը եւ պատվիրատու Ուվայս Ահմադովը, հաղորդում ` NEWSru.com-ը` վկայակոչելով թուրքական Sabah թերթը:
Թուրք իրավապահների ներկայացմամբ, «Բատուկաեւին սպանելու թույլտվությունը տվել է Չեչնիայի ներկա ղեկավար Ռամզան Քադիորվը»:
Ինչպես գրում է Sabah-ը, Շամսուդին Բատուկաեւը, «ում սպանությունը պատվիրել են ռուսները», «Կովկասի եւ Չեչնիայի ներկայացուցիչն է միջազգային ասպարեզում»:
Նա Չեչնիայում առաջին պատերազմից հետո, 4 տարի աշխատել է Չեչնիայի գերագույն շարիաթական դատարանի ղեկավար: Բատուկաեւը մեկնել է Թուրքիա, երբ Չեչնիայում իշխանության է եղել Քադիրովը:
Այս չկայացած սպանությունից հետո, Թուրքիայի տարածքում ապրող չեչենները հայտարարել են, որ իրենք Թուրքիայիում բավարար չափով պաշտպանված չեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին, Ստամբուլի Զեյթունբուրնուի շրջանում սպանվել էին երեք չեչեններ` Ռուստամ Ալտեմիրովը, Զաուրբեկ Ամրիեւը եւ Բերգ-Հաջի Մուսաեւը, որոնք ժամանակին պատերազմել էին Ռուսաստանի դեմ:




























