ՆԱՏՕ-ն կարող է Ֆինլանդիայում հարվածային զենք տեղակայել, որն ի վիճակի կլինի խոցել Ռուսաստանի կրիտիկականորեն կարեւոր հյուսիսարեւմտյան օբյեկտները, ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչության կոլեգիայում, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Ֆիննական տարածքում հավանական է ՆԱՏՕ լրացուցիչ զորակազմի եւ հարվածային զենքի  տեղակայումը, որոնք բավական խորքում կարող են խոցել կրիտիկականորեն կարեւոր օբյեկտները Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան ռազմավարական ուղղություններում Ռուսաստանի ռազմական անվտանգության սպառնալիքները քանիցս ավելացել են։

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ, պոտենցիալ առումով, Շվեդիայի, անդամակցությունը նա անվանել է «լուրջ ապակայունացնող գործոն» եւ ավելացրել, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի միանալուց հետո Ռուսաստանի ցամաքային սահմանը դաշինքի երկրների հետ մեծացել է մոտ երկու անգամ։

Ռուսաստանցի նախարարը նշել է նաեւ ՆԱՏՕ երկրների խմբավորման ընդհանուր թվաքանակը Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության սահմանին։

«Հաշվի առնելով Միութենական պետության սահմանին անմիջապես մոտ տեղակայված արեւելաեվրոպական երկրների զինված ուժերը, դրանք մոտ 360 հազար զինծառայող են, 8 հազար միավոր զինտեխնիկա, 6 հազար հրետանային համակարգ եւ ականանետեր, 650 ինքնաթիռ եւ ուղղաթիռ,- ասել է նա։- Հյուսիսատլանտյան դաշինքի արտատարածաշրջանային պետությունների կազմավորումների թվաքանակն անցած տարվա փետրվարից ավելացել է 2,5 անգամ ե գերազանցել 30 հազար մարդը»։