ՌԴ Մոսկվայի մարզի Սերգիեւ Պոսադ քաղաքում պայթյունից տուժածների թիվը հասել է 45-ի, տեղեկացրել է օկրուգի վարչությունը։

Ներկա պահին վերակենդանացման բաժանմունքում 6 մարդ կա, բաժանմունքներում՝ 17, վնասվածքների բաժանմունքում՝ 22։

Շտապ տեղադրվել է 40 մահճակալ, դրանցից 10-ը՝ վերակենդանացման բաժանմունքում, 10-ական մահճակալ վնասվածքաբանական, վիրաբուժական եւ թերապեւտիկ բաժանմունքներում։ Ուժեղացվել է բուժընդունման բաժնի աշխատանքը։

Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը նշել է, որ փլատակների տակ կարող են հինգ հոգի լինել։ Նրա խոսքով՝ վեց տուժած վերակենդանացման բաժանմունքում է այրվածքների եւ գանգուղեղային վնասվածքների պատճառով։ Եվս 22 մարդ տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք, մյուսներն ունեն միջին ծանրության բեկորային վնասվածքներ։ Հիվանդանոցում 40 ռեզերվային մահճակալ է դրվել։

Պայթյունը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 9-ին, պիրատեխնիկայի պահեստում։ «Կոմերսանտի» տվյալներով՝  պահեստի մակերեսը 100 քառակուսի մետր է, այն փլուզվել է։ Պահեստը վարձակալել էր սնանկ ճանաչված «Պիրո-Ռոս» ընկերությունը, դրա ղեկավարությունը քննության տակ է 250 աշխատողների աշխատավարձը չվճարելու պատճառով։ Գործարանում լիակատար տարհանում է իրականացվել։ Մերձակայքում գտնվող մոտ 20 բազմաբնակարան տներ վնասվել են։ Պայթյունի փաստով գործ է հարուցվել ՌԴ Քր. օր. 217 հոդվածով (վտանգավոր արդյունաբերական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում)։