Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նշել է Ռուսաստանի հետ 2008թ. օգոստոսին պատերազմից խուսափելու յոթ պայման՝ պատասխանելով Վրաստանի կառավարության՝ իրեն հասցեագրված դավաճանության եւ անպատասխանատու քաղաքականության մեղադրանքներին, հայտնել է «Новости-Грузия»-ն։
«Իմ պատասխանը Իվանիշվիլու խոսող գլուխներին։ Կարելի՞ էր խուսափել 2008թ. պատերազմից։ Այո, կարելի էր։ Ի՞նչ պետք է մենք անեինք դրա համար.
- Ասլանին թողնեինք Աջարիայում եւ հրաժարվեինք Բաթումի զարգացման պլաններից;
- Մենք պետք է նրանց գործակալներին նշանակեինք ուժային կառույցների ղեկավարությունում, ինչպես ուղիղ խնդրում էր Պուտինը;
- Չպետք է պայքարեինք կոռուպցիայի դեմ, որովհետեւ ռուսական ազդեցությունը Վրաստանում հիմնականում հիմնվում էր նրա վրա;
- Մենք չպետք է որեւէ բարեփոխում իրականացնեինք, քանի որ Ռուսաստանը բարեփոխումները համարում է վտանգավոր նախադեպեր;
- Մենք չպետք է շարժվեինք Եվրամիության եւ ՆԱՏՕ ուղղությամբ;
- Մենք չպետք է հրաժարվեինք ռուսական սխեմաներից էներգետիկայում եւ Վրաստանը թողնեինք մթի մեջ;
7. Մենք չպետք է ստեղծեինք վրացական բանակ եւ ռազմական արտադրություն»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։





























