Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այսօր` հոկտեմբերի 11-ին, մերժել է «Ժամանակ» օրաթերթի վերաքննիչ բողոքը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների եռյակը` Ամրահի Պետրոսյան, Կարեն Չիլինգարյան, Դանիել Խաչատրյան կազմով, հրապարակել է դատական ակտն ու անփոփոխ է թողել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի որոշումը, որով հօգուտ Սեդրակ եւ Բելլա Քոչարյանների «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից պետք է գանձվի 3 միլիոն դրամ:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով  քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում է պահանջում օրաթերթից՝ 3 մլն-ը դատական ծախսերի համար, իսկ մյուս 3 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում` , օրաթերթում տպագրված «Ադամանդե Ռոբ», «Վոլվո+սպայկա հավասար է Սեդրակ Քոչարյան» եւ «Արյունը Քոչարյանից, կայֆը Ծառուկյանից, հակացնցումը Լֆիկից» հոդվածների համար։

Դատավոր Արայիկ Մելքումյանը հունիսի 6-ին ամբողջությամբ մերժել էր փաստաբանական ծառայության համար պահանջվող երեք միլիոն դրամի պահանջը, սակայն բավարարել էր 1 մլն. վիրավորանքի եւ 2 մլն. զրպարտության համար պահանջվող գումարի հայցը: «Ժամանակ» օրաթերթը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: