«Ալ Քաիդան» հաստատել է սեպտեմբերի 30-ին, Եմենում, ամերիկյան օդուժի հարվածներից «թիվ մեկ ահաբեկիչ» Անվար ալ-Ավլաքիի մահվան լուրը:

«Մենք հաստատում ենք շեյխ ալ-Ավլաքիի մահվան լուրը: Նրա եւ նրա եղբայրների թափած արյունը իզուր չի լինելու»,- ասված է «Ալ Քաիդայի» հայտարարության մեջ:

Իսլամական ինտերնետային կայքերում «Ալ Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորման ներկայացուցիչները խոստացել են վրեժ լուծել ալ-Ավլաքիի սպանության համար:

Եմենի լրատվամիջոցները հայտնում են, որ ալ-Ավլաքին սպանվել է Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգում` ամերիկյան անօդաչու թռչող սարքերի ավիահարվածներից: Հարվածներն ուղղված են եղել մի քանի մեքենաների ուղղությամբ, որոնցից մեկում գտնվել է ալ-Ավլաքին, ով համարվում է «աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը»: