Կիեւի Պեչերյան դատարանն իր այսօրվա վճռով պարտավորեցրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին` 1,5 մլրդ գրիվեն (շուրջ 200 մլն դոլար) վճարել «Նեֆթոգազ Ուկրաինա» ընկերությանը:
Դատավոր Ռոդիոն Կիրեեւը Տիմոշենկոյին դատապարտել է 7 տարվա ազատազրկման եւ 3 տարով արգելել զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատավորը նաեւ հայտարարել է, որ հիմք չի տեսնում դատավճռի մեղմացման համար:
Յուլիա Տիմոշենկոն, ի նշան բողոքի, դատավճիռը լսել է նստած:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, այս գործով պետական մեղադրողները պահանջել են Տիմոշենկոյին ազատազրկել 7 տարով: Բացի այդ, նրանք պահանջել են, որ Տիմոշենկոն դրանից հետո եւս 3 տարի իրավունք չունենա զբաղեցնել պետական պաշտոն, նաեւ բռնագանձել 1,5 մլրդ գրիվեն (187 մլն դոլար) վնասները, որոնք կրել է «Նեֆթոգազ Ուկրաինա» ընկերությունը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Տիմոշենկոյին մեղադրում է 2009-ին «Գազպրոմի» եւ «Նեֆթոգազ Ուկրաինայի» միջեւ կնքված գազային պայմանագիրը կնքելիս իր լիազորությունները չարաշահելու մեջ: Տիմոշենկոն կալանավորվել է օգոստոսի 5-ին:
Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է քաղաքական հետապնդումների մեջ, իսկ իշխանությունը հերքում է դա:




























