Աշխարհում մոտ 45 միլիոն մարդ ունեն տարբեր հոգեկան շեղումներ, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, 2020-ին դեպրեսիան հիվանդությունների ցուցակում կդառնա երկրորդը, որը վերածվում է հաշմանդամության:

Հայաստանում հաշվառման մեջ գտնվող հոգեկան հիվանդություն ունեցող քաղաքացիների թիվը կազմում է մոտ 45 հազար, հաղորդում է երկրի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Հոգեկան խանգարում կարող է ունենալ ցանկացած մարդ` անկախ սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից եւ հասարակության մեջ ունեցած դիրքից: Այդ իսկ պատճառով կարեւոր է հասարակության բոլոր շերտերին հավասարապես տեղյակ պահել այդ երեւույթի մասին:

Ամեն տարի հոկտեմբերի 10-ին նշվում է Հոգեկան հիվանդության օրը, որի հիմնական նպատակն է` հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության վրա, որպեսզի խնդրի մասին մտածեն ոչ միայն նրանք, ովքեր ունեն շեղումներ, այլ հասարակության բոլոր շերտերը` այդ թվում այն մարդիկ, ովքեր քաղաքականություն են ձեւավորում: