Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմաշենկոն, «գազի գործով» իր նկատմամբ կայացված դատավճռից անմիջապես հետո հայտարարել է, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ:
«Մենք կպաշտպանենք իմ պատիվը Եվրոպական դատարանում»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կիեւի Պեչերյան դատարանն Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն դատապարտել է 7 տարվա ազատազրկման:
Դատավոր Ռոդիոն Կիրեեւը, հրապարակելով դատավճիռը, հայտարարել է, որ Տիմոշենկոն գերազանցել է իր պաշտոնեական լիազորությունները` 2009-ին Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելիս, հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով Reuters-ը:
Դատարանն ապացուցված է համարել այն փաստը, որ նախկին վարչապետը երկրին` տվյալ դեպքում «Նեֆթոգաս Ուկրաինա» ընկերությանը հասցրել է 1,5 մլրդ գրիվենի (շուրջ 200 մլն դոլար) վնաս:
Յուլյա Տիմոշենկոն, ի նշան բողոքի, դատավճիռը լսել է նստած:
Նա կալանավորվել է օգոստոսի 5-ին: Ընդդիմությունը հայտարարում է, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է:




























