Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը և ընդդիմության առաջնորդ Ռաջա Ռիազը շաբաթ օրը պայմանավորվել են սենատոր Անուար-ուլ-Հակ Կաքարին նշանակել ժամանակավոր վարչապետ՝ վերահսկելու ընտրությունները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի վարչապետի գրասենյակը:
Բելուջիստան հարավ-արևմտյան նահանգի ոչ այնքան հայտնի քաղաքական գործիչ Կաքարը կնշանակի նախարարների կաբինետ և կգլխավորի կառավարությունը, որը երկիրը կանցկացնի տնտեսական և քաղաքական ճգնաժամի միջով՝ մինչև նոր կառավարության ընտրությունը:
«Վարչապետը (Շահբազ Շարիֆը - խմբ.) և ընդդիմության առաջնորդը համատեղ հանձնարարականներ են ստորագրել, որոնք կուղարկվեն նախագահին հաստատման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պակիստանի Geo News-ը հայտնել է, որ նախագահ Արիֆ Ալվին հավանություն է տվել Կաքարի նշանակմանը։
Պակիստանի սահմանադրության համաձայն՝ չեզոք ժամանակավոր կառավարությունը վերահսկում է համապետական ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն խորհրդարանի ստորին պալատի լուծարումից հետո 90 օրվա ընթացքում, ինչը այս դեպքում նշանակում է նոյեմբերի սկիզբ։
Ժամանակավոր վարչապետի ընտրությունն այս անգամ մեծ նշանակություն է ձեռք բերել, քանի որ թեկնածուն կունենա տնտեսական հարցերի վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու համար լրացուցիչ իրավասություն, ինչպես նաև մտավախությունների ֆոնին, որ ընտրությունները կարող են հետաձգվել մինչև վեց ամսով:
Ընտրական հանձնաժողովը պետք է նոր սահմաններ գծի հարյուրավոր դաշնային և նահանգային ընտրական շրջանների համար և, դրա հիման վրա, նշանակի ընտրությունների ամսաթիվ:
Կաքարը վեց տարի ժամկետով ծառայում է Պակիստանի Սենատում 2018 թվականից:





























