Նիգերի կալանավորված նախագահ Մուհամեդ Բազումը շաբաթ օրը զննվել է իր բժշկի կողմից՝ նրա վիճակի վերաբերյալ աճող անհանգստության պատճառով, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Բազումի մերձավոր շրջապատին:

«Այսօր Բազումին այցելել է նրա բժիշկը»,- ​​AFP-ին ասել է նրա շրջապատի անդամը՝ հավելելով, որ բժիշկը սնունդ է բերել նաև Բազումի, նրա կնոջ և որդու համար։ «Նրանց հետ ամեն ինչ լավ է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը», - հավելել է աղբյուրը:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ այս շաբաթվա սկզբին խոսել է Բազումի հետ: Պաշտոնանկ արված առաջնորդն իր, կնոջ և նրանց հիվանդ 20-ամյա որդու նկատմամբ վերաբերմունքը որակել է որպես «անմարդկային և դաժան», հայտնում է HRW-ն։

«Ինձ չի թույլատրվում ընդունել իմ ընտանիքի անդամներին (կամ) իմ ընկերներին, ովքեր մեզ սնունդ և այլ պարագաներ են բերել», - մեջբերում է կազմակերպությունը նրա խոսքերը: -Իմ տղան հիվանդ է, սրտի ծանր հիվանդություն ունի, և պետք է բժշկի դիմի։ Նրանք հրաժարվել են թույլ տալ նրան բուժօգնություն ստանալ»։

63-ամյա Մուհամեդ Բազումին պաշտոնանկ է արվել հուլիսի 26-ին՝ իր նախագահական պահակախմբի կողմից, որն այդ ժամանակվանից նրան և իր ընտանիքին պահում էր մայրաքաղաք Նիամեյի իր պաշտոնական նստավայրում:

Եվրամիությունը, Աֆրիկյան միությունը և ՄԱԿ-ը միացան այլ երկրներին՝ որոնք ուրբաթ օրն ահազանգել էին Բազումի մասին՝ վերջինիս պահման պայմանների վատթարացման մասին հաղորդումներից հետո։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ինքը «անհանգստացած է» «բարի կամքի դրսեւորում» Բազումի ընտանիքին ազատ արձակելու զինվորականների մերժումից։