Հայ ազգային կոնգրեսը քանիցս հայտարարել է իշխանության հետ երկխոսության անիմաստության մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով հանրապետական պատգամավոր, իշխանություն-ընդդիմություն բանակցություններում կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի հայտարարությունը: Վերջինս նշել էր, թե «Հայաստանի իշխանությունները պատրաստ են երկխոսության Հայ ազգային կոնգրեսի հետ, բայց պատրաստ չեն խնդրելու»:

«Ըստ էության շուրջօրյա հանրահավաքների ընթացքում դրա պատասխանը տրվել է Հայ ազգային կոնգրեսի հրապարակած բանաձեւում: Եւ ճիշտն ասած, ինձ իշխանության հայտարարություններն ու քայլերը չեն հետաքրքրում: Ավելի շատ հետաքրքրում են Հայ ազգային կոնգրեսի եւ համաժողովրդական շարժման քայլերը: Դավիթ Հարությունյանի կամ իշխանական որեւէ այլ անձի ասածը տվյալ պահին մեկնաբանելու կարիք չեմ տեսնում: Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է երկխոսության անիմաստության մասին»,- նշեց Փաշինյանը:

Վերջինս նշեց, որ Հայ ազգային կոնգրեսի զինանոցում պայքարի բազմաթիվ մեթոդներ կան: «Հայ ազգային կոնգրեսը պայքարի զինանոցում ունի նաեւ շուրջօրյա հանրահավաքներ, բոլոր քաղաքական մեթոդներից օգտվելու է: Իսկ թե կոնկրետ երբ ինչ տեղի կունենա, կախված է քաղաքական իրավիճակից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ մինչեւ հոկտեմբերի 28-ը կլինեն հանդիպումներ, քննարկումներ. «Չեմ բացառում, որ որոշ ակցիաներ լինեն: Դեռ վաղ է վերջնական կանխատեսումներ անել»: