Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նայիմ Շահինի եւ Բաքըրքոյ օկրուգի քաղաքապետ Աթեշ Յունալ Էրզենի հետ, հաղորդում է Hürriyet Daily News-ը:
Հայ համայնքի ներկայացուցիչ Արեւ Ջեբեդջին, ով առաջադրել էր իր թեկնածությունը խորհրդարանում Ժողովրդա-հանրապետական կուսակցության ցուցակներով, բայց չէր անցել, նշել է, որ ներքին գործերի նախարար Շահինը մշտապես հետաքրքրվել է Թուրքիայի հայերի խնդիրներով: «Նա միշտ ուշադրություն է դարձրել մեր բոլոր խնդիրերի վրա, եւ երբեք չի մերժել մեզ»,-հայտարարել է նա:
Նրա խոսքով, հայ համայնքն իր խնդիրները ներկայացնում է ավելի մանրակրկիտ նախարարական մակարդակով տեղի ունեցող հանդիպումների ժամանակ:
Շահինը շեշտել է հայերի եւ թուրքերի միջեւ երկխոսության առկայության հանգամանքը, ովքեր կողք կողքի ապրել են դարերի ընթացքում:
Իր հերթին, Ջաբեդջին շեշտել է փոխնախարար Բյուլեթ Արընչի հայտարարության կարեւորությունն այն մասին, որ պետությունը բռնագրավել է ազգային փոքրամասնություններին պատկանող գույքը եւ այժմ «վերադարձնում է այն»` վերջերս ընդունված օրենքի շրջանակներում: «Ե՞րբ են վերականգնվելու մեր իրավունքները: Ե՞րբ ենք ստանալու քաղաքացիներին հավասար իրավունքները: Ե՞րբ կարող ենք դառնալ պետական ծառայող: Ես այլեւս չեմ ցանկանում իր երեխաներին հեքիաթներ պատմել, ես ցանկանում եմ ասել ճշմարտությունը»,-նշել է Ջեբեդջին:
«Դա է իրականությունը եւ ճշմարտությունը: Արինջը շատ խիզախ եւ իրագործելի հայտարարությամբ է հանդես եկել»,-նշել է Շահինը:




























