Բացառված չէ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընթացիկ տարվա վերջին եւ առաջիկա տարվա սկզբին քննի ակտիվիստ Վահագն Չախալյանի գործը: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը:
Խոսելով Եվրոպական դատարանում գործի քննման հեռանկարների մասին` Թաթոյանը նշել է, որ Վրաստանում դատական գործընթացի ժամանակ խախտվել են Չախալյանի իրավունքները, մասնավորապես նրան թարգմանիչ չեն տրամադրել, իսկ նա չտիրապետելով վրացերենին` չի հասկացել տեղի ունեցող իրադարձությունների էությունը. «Յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի իմանալ, թե ինչի մասին են խոսում դատավորները, դատախազը, ինչ ցուցմունքներ են իր դեմ տալիս վկաները: Չախալյանն այդ ամենից անտեղյակ է եղել, իսկ դա նրա իրավունքների կոպիտ խախտում է»:
Իրավաբան Ստեփան Ոսկանյանը, ով վրացական դատարանում ներկայացնում է Չախալյանի գործը, պարզաբանել է, որ թարգմանիչի ինստիտուտը կրել է ֆորմալ բնույթ, քանի որ այն մարդը, ով իրականացնում է այդ գործառույթները, չի ունեցել համապատասխան կրթություն, թարգմանություններ է կատարել կենցաղային մակարդակի վրա, դրա հետեւանքով, ոչ մեղադրվող կողմը, ոչ էլ դատավորը չեն ըմբռնել իրավաբանների հայտարարությունները:
«Վրացական կողմը վախեցած է Եվրոպական դատարանում Չախալյանի գործի հավանական քննարկման առթիվ: Նրանք բազմիցս փորձել են համոզել Չախալյանին ստորագրել խնդրանք ներման մասին եւ նույնիսկ խոստացել են, որ նա կհայտնվի ազատության մեջ»,-հայտարարել է Ոսկանյանը` հավելելով, որ դրանով վրացական կողմը փորձում է խուսափել, որ գործը տեղափոխվի Եվրոպական դատարան:




























