ԱԺ գործարար պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեծ երկրպագու Սամվել Ալեքսանյանը հոկտեմբերի 12-ի առավոտյան դոլարներով լի տոպրակով չէր գնացել օդանավակայան` դիմավորելու մեր ֆուտբոլիստներին, քանի որ հուսահատված էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սամվել Ալեքսանյանը: Նա շատ տխուր է եւ տրամադրություն չուներ, քանի որ հոկտեմբերի 11-ին Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային վճռական խաղում մեր հավաքականը պարտություն կրեց 2:1 հաշվով:
«Կրած լինեինք, ուրիշ բան, բայց որ կրվել ենք, տրամադրություն չունեմ, շատ-շատ լավ խաղացին տղաները, պիտի տենց չլիներ էլի, մենք ուրիշ ձեւ էինք էլի տրամադրվել»,- ասաց պատգամավորը: Նա խաղից հետո չէր զրուցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, բայց գնալու է տեսնի մեր հավաքականի ֆուտբոլիստներին:
«Տղաները շատ լավ են խաղացել, որ այսպես է ստացվել, ի՞նչ անենք, իրենք էլ մեղք չունեն, մենք էլ մեղք չունենք, հիմա կարող էին դեղին քարտ ցույց տալ, պարտադիր էր` կարմի՞ր ցույց տային, Բերեզովսկին կոտրեց էլի»,- ասաց նա:
Հայաստան-Մակեդոնիա խաղի ժամանակ մեր հավաքականի փառահեղ հաղթանակից հետո Սամվել Ալեքսանյանը 100 հազար դոլար էր տվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին, իսկ այս անգամ խոստացել էր հաղթանակի դեպքում դոլարներով լի տոպրակով գնալ օդանավակայան: «Հավաքականին միշտ էլ գումար տալու եմ, դա կապ չունի, տղերքը շատ լավ խաղացել են, իրենք մեղք չունեին, էդպես ստացվեց էլի»,- ասաց Սամվել Ալեքսանյանը` խոստանալով գումարը տալուց հետո անպայման ասել:
Նշենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը Դուբլինում 2:1 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին եւ 17 միավորով մնաց B խմբի երրորդ տեղում: Իսպանացի Իտուրալդե Գոնսալերի չափազանց վիճելի մրցավարության պայմաններում Հայաստանի հավաքականն առաջադրանքը կատարել չկարողացավ: Արդեն 27-րդ րոպեին Վարդան Մինասյանի թիմը մնաց տասը ֆուտբոլիստներով: Մրցավարը համարեց, որ տուգանային հրապարակից դուրս ձեռքով է խաղացել Ռոման Բերեզովսկին: Նա վերջին հույսի խախտման համար ստացավ կարմիր քարտ եւ հեռացվեց:
Էդգար Մալաքյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ երիտասարդ ու անփորձ դարպասապահ Արսեն Պետրոսյանը: Առաջին խաղակեսի վերջում, 43-րդ րոպեին Վալերի Ալեքսանյանը, փորձելով գնդակը դուրս բերել անկյունային, դարձավ ինքնագոլի հեղինակ: 60-րդ րոպեին Էյդեն ՄաքԳիդիի փոխանցումից հետո Ռիչարդ Դանը կրկնապատկեց հաշիվը: Դարպասապահ Արսեն Պետրոսյանը սխալվեց` չկարողանալով կասեցնել փոխանցումը: Երկու րոպե անց Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը` 2:1: 81-րդ րոպեին Կարլեն Մկրտչյանին դեմքին արմունկով հարվածելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ Քեւին Դոյլը եւ Իռլանդիայի հավաքականը եւս մնաց տասը ֆուտբոլիստներով: Սակայն փոխել հաշիվը Հայաստանի հավաքականը չկարողացավ, իսկ Իռլանդիային անհրաժեշտ էր ընդամենը ոչ- ոքի:




























